ՄԱՆԿԱՎԱՐԺ-ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՋԻՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՉՄԱՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վիկտորիա Բաղդասարյան
摘要
Դարեր շարունակ մանկավարժական գործընթացի կազմակերպման հարցում ուսուցչի դերակատարությունն ու կարևորությունն անհերքելի փաստ են եղել, ինչն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը, ուստի ուսուցչի կերպարի վերափոխման, կատարելագործման, անձնային ու մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված մանկավարժի, նրա գործառույթների վերանայման անհրաժեշտություն կա։ Ուսուցման և դաստիարակության ոչ մի տեխնոլոգիա չի կարող օգնել ուսուցչին արդյունավետ իրականացնելու իր մասնագիտական գործունեությունը, եթե նա ինքն անձնային և մասնագիտական առումով պատրաստ չէ դրան: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում մեծ նշանակություն է տրվել ուսուցչի անձին և մասնագիտությանը, իսկ այսօր՝ նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության առկայության ու զարգացման պայմաններում, առավել քան կարևորվում է ուսուցչի դերը՝ որպես XXI դարի մարտահրավերներին դիմակայող, բարոյական արժեհամակարգի կրող ու փոխանցող, հետազոտող ու նորարար մանկավարժի: Առինքնող ուսուցչի և հետազոտող մանկավարժի նորարար ու ինքնատիպ կերպար է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Վեհափառը, որն իր ողջ մանկավարժական գործունեության ընթացքում եղավ և մնաց այնպիսին, ինչպիսի սերունդ որ պատրաստեց իր մանկավարժական բեղուն գործունեության ընթացքում։ Իր բազմաբովանդակ կյանքի մեծագույն մասը նվիրաբերելով մանկավարժի շնորհակալ ու անձնազոհ առաքելությանը՝ Վեհափառ հայրապետը սահմանեց՝ ինչպիսին պիտի լինեն իրական մանկավարժն ու ուսուցիչը՝ հիմքում դնելով ինքնազարգացման ու անձնանվիրումի կարևորագույն բաղադրիչները։
