Իրավունքների չարաշահման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
Իրավունքների չարաշահման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
Վահե Հովհաննիսյան
摘要
Հոդվածում հեղինակի կողմից համակողմանիորեն ուսումնասիրվել և վերլուծության են ենթարկվել դատավարական իրավունքների չարաշահման ինստիտուտի բովանդակային տարրերն ու գործառական առանձնահատկությունները քաղաքացիական դատավարությունում։ Ուսումնասիրության համար հիմք է ընդունվել դատավարական իրավունքների և պարտականությունների չարաշահման հնարավորության կրողների շրջանակի, չարաշահման բովանդակության և դրսևորումների, հետևանքների վերացման իրավական կառուցակարգերի բացահայտման անհրաժեշտությունը։ Հիմնավորվել է, որ դատավարական իրավունքների չարաշահումը չի նույնանում դասական իրավախախտմանը, քանի որ այս դեպքում իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, օգտվում է իր իրավունքներից կամ կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն խախտում կամ վնաս է պատճառում դատավարության մյուս մասնակիցների իրավունքներին, արդարադատության արդյունավետ իրականացման հանրային շահերին։ Հիմնավորվել է, որ դատավարական իրավունքների չարաշահումը ոչ իրավաչափ վարքագծի ինքնուրույն ձև է, որը հանգում է դատավարության մասնակիցների կողմից իրենց դատավարական իրավունքներն ու պարտականությունները ոչ բարեխղճորեն, այն է՝ ոչ իրավաչափ ակնկալիքներով կամ դրանց նպատակային նշանակությանն անհամապատասխան իրացնելուն։ Ընդ որում, իրավունքի չարաշահում կարող է թույլ տալ նաև համապատասխան դատավարական իրավունքի իրական կրող չհանդիսացող անձը, ինչը պայմանավորված է սուբյեկտիվ իրավունքի իրական և ձևական առումով կրող լինելու հասկացությունների տարբերակմամբ։ Դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու՝ դատավարության մասնակցի բարեխղճությունը դատարանը կարող է որոշել նաև տվյալ քաղաքացիական գործով վարույթի շրջանակներից դուրս իրականացվող գործողությունների գնահատմամբ։

